Անալիտիկ ՓԲԸ Պատմությունը

Ընդերքում գտնվող օգտակար հանածոների պաշարները հանդիսանում են տվյալ երկրի անկախության, ազգային հարստության և հզորության հիմնական չափանիշները: Իսկ ընդերքի հետ կապված երկրաբանական խնդիրների լուծումն անհնար է առանց լաբորատոր ուսումնասիրությունների, որոնց արդյունքները երկրաբանական աշխատանքների հայելին են: Յուրաքանչյուր անալիտիկ տվյալ իր արտացոլումն է գտնում այդ աշխատանքների արդյունավետության մեջ: ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ (նախկինում` Երկրաբանական վարչության Կենտրոնական լաբորատորիան) Հանրապետությունում իր նմանը չունեցող լաբորատոր հաստատությունն է, որտեղ կատարվում են ընդերքի ուսումնասիրությունների հետ կապված երկրաբանական նմուշների համալիր հետազոտություններ: Լաբորատորիան հիմնադրվել է դեռևս 1958 թ., անխափան գործում է մինչև օրս, չդադարեցնելով իր գործունեությունը նույնիսկ մեկ օրով` Խորհրդային Միության փլուզումից հետո: 1991 թվականից լաբորատորիան ընդգրկված է եղել Խորհրդային Միության 8 արտաքին հսկողական լաբորատորիաների ցանկում (միակը Անդրկովկասում): Հարկ է նշել, որ ՙԱնալիտիկ՚ ՓԲ ընկերության կողմից կատարված բազմաթիվ և բազմատեսակ հետազոտությունների արդյունքների հիման վրա կատարվել են հանրապետության այնպիսի կարևորագույն հանքավայրերի պաշարների հաշվարկներ, ինչպիսիք են Սոտքը, Տերտերասարը, Լիճքվազը, Հանքավանը, Մղարթը, Ազատեկը, Թուխմանուկը, Մարջանը, Մեղրաձորը և այլն: Լաբորատոր հետազոտությունների հիմնական առարկաներն են հանդիսանում բազմամետաղ, սուլֆիդային, պղնձային, պղնձակոլչեդային, պղնձամոլիբդենային հանքանյութերը, խտանյութերը, սիլիկատային կարբոնատային լեռնային ապարները, շինարարական նյութերը, հանքային, խմելու, ստորգետնյա ջրերը, մետաղական թափոնները և այլն: 1999 թ. մասնակցելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կողմից ֆինանսավորվող անալիտիկ արդյունքների համեմատության Ռաունդ Ռոբին ծրագրին, աշխարհի 42 լաբորատորիաներից ՙԱնալիտիկ՚ ընկերության կողմից ծրագրին մասնակցող 3 աշխատողներին բացառիկ արդյունքների համար 2000 թվականին հանձնվեց լաբորատոր աշխատանքների որակի միջազգային ընծայագիր: Նմուշների անալիտիկ հետազոտությունները սկսած նմուշների նախապատրաստումից մինչև արդյունքների ամփոփումը կատարվում են անալիտիկ մեթոդների գիտական խորհրդի կողմից հաստատված մեթոդներով և միջպետական ու հանրապետական ստանդարտներով: Աշխատանքների որակի հսկողությունն իրագործվում է միջազգային և ձեռնարկության ստանդարտ նմուշներով: Լաբորատորիան ապահովված է նաև բոլոր անհրաժեշտ գիտատեխնիկական և նորմատիվ փաստաթղթերով, որոնք հնարավորություն են տալիս լաբորատոր հետազոտությունները կատարել պատշաճ մակարդակով` ապահովելով վստահելի անալիտիկ տեղեկատվություն երկրաբանական աշխատանքների ցանկացած փուլում: Տեխնիկական զինվածությունը, մասնագետների բարձր որակավորումը, նեղ մասնագիտացված աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, անալիտիկ տվյալների ճշգրտությունը արժանիորեն գնահատվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից , որի № 1678 որոշմամբ (09.11.2006 թ.) ՙԱնալիտիկ՚ ՓԲ ընկերությունը Հանրապետությունում իրականացնում է օգտակար հանածոների նմուշների հսկողական անալիզներ: Լաբորատոր աշխատանքների բարձր որակի, պատվիրատուների պահանջների մշտական կատարելագործման ու գործընկերների հետ հարաբերությունների լավագույն փոխըմբռնման և համընդհանուր ճանաչման համար ընկերությունը 2007 թ. տվյալներով ճանաչվել է Միջազգային ՙՄիջազգային կամար՚ մրցանակաբաշխության հաղթող և պարգևատրվել ոսկե մրցանակով: Շարադրվածի վառ ապացույցն է հանդիսանում 2011 թ. մայիսին Գերմանական TÜV NORD սերտիֆիկացնող ընկերության կողմից ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ-ին հանձնված որակի միջազգային սերտիֆիկատը (№ 44 100 115932):

Անալիտիկ ՓԲԸ գլխավոր տնօրեն

Անալիտիկ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սուսաննա Սարգսյան: Լաբորատորիայում աշխատում է 1975 թ. փետրվարից, նախ որպես ֆիզ.- քիմ. մեթոդների լաբորատորիայի ինժեներ, մեթոդիստ, ավագ մեթոդիստ, այնուհետև 1984 թ.-ից զբաղեցնում է նույն լաբորատորիայի վարիչի պաշտոնը: 1992 թ. մարտի 5-ից նշանակվել է ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն: 2008 թ. ընդերքի հետազոտման բնագավառում ունեցած մեծ ավանդի համար ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սուսաննա Սարգսյանը Բնապահպանության Նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով: Լրացուցիչ ...
Սուսաննա Հովսեփի Սարգսյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և աշխատանքի է անցել նախ Լեռնամետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտի, այնուհետև Երկրաբանական հետախուզական տրեստի լաբորատորիաներում: 1974 թվականից տեղափոխվել է Երկրաբանական վարչության կենտրոնական լաբորատորիա (այժմ` ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ): Աշխատել է որպես ինժեներ-քիմիկոս, ավագ ինժեներ, ավագ մեթոդիստ, իսկ 1984 թվականից նշանակվել է կենտրոնական լաբորատորիայի ամենամեծ ֆիզ-քիմ մեթոդներով հետազոտման լաբորատորիայի վարիչ: Լինելով հանրապետությունում հայտնի և սիրված երկրաբանի դուստր` Սուսաննա Սարգսյանը շատ մոտ էր կանգնած և համակարգի, և մասնավորապես ամբողջ կենտրոնական լաբորատորիայի հոգսերին: Այդ էր պատճառը, որ նա ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի իր ղեկավարած լաբորատորիան աչքի ընկնի աշխատանքների բարձր որակով, արտադրողականությամբ և կադրերի ճիշտ ընտրությամբ: Արդյունքները շատ սպասել չտվեցին և 1991 թ. Խորհրդային Միության երկրաբանության նախարարի հրամանով ֆիզ-քիմ մեթոդներով հետազոտման լաբորատորիայի թանկարժեք մետաղների անալիզների բաժինը ընդգրկվեց ԽՍՀՄ 8-ը հսկողական լաբորատորիաների ցանկում` միակը տարածաշրջանում: 1992 թվականի մարտ ամսից Սուսաննա Սարգսյանը ղեկավարում է Կենտրոնական լաբորատորիան (ներկայիս ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ): Հանրապետության համար ծանրագույն տարիներին ստանձնելով լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը նա կարողացավ պահպանել ոչ միայն լաբորատորիայի անխափան աշխատանքը, հիմնական կադրերը, սարքավորումները, այլև նրա անմիջական ղեկավարությամբ լաբորատորիան զինվեց անալիտիկ նորագույն սարքավորումներով: 2001 թվականին մասնակցելով լաբորատոր աշխատանքների որակի համեմատության միջազգային Ռաունդ Ռոբին ծրագրին Ս. Սարգսյանը իր երկու գործընկերների հետ արժանացավ հատուկ գովասանագրի: Անալիտիկ աշխատանքների որակի ամենօրյա հսկողությունը, նորագույն մեթոդների մշտական ներդրումը, կադրերի ճիշտ տեղաբաշխումն ու նրանց հանդեպ խիստ պահանջկոտությունը Ս. Սարգսյանի աշխատանքային գործունեության անբաժանելի մասն են: Պատահական չէր, որ ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 9-ի № 1678- Ն որոշմամբ ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ ճանաչվեց Հանրապետությունում ընդերքի հետազոտման գծով հսկողական անալիզներ իրականացնող լաբորատորիա: Երկրաբանության բնագավառում նշանակալից ավանդի համար, ՀՀ Բնապահպանության նախարարության հրամանով, 2007թ. ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Սարգսյանը արժանացել է ոսկե մեդալի: 2011թ մայիս ամսին գերմանական հանրահայտ TUV NORD սերտիֆիկացիոն ընկերության կողմից կատարվեց լաբորատորիայի որակի կառավարման համակարգի արտաքին աուդիտ, որի արդյունքներով ՙԱնալիտիկ՚ ՓԲ ընկերությանը հանձնվեց լաբորատոր աշխատանքների Որակի միջազգային սերտիֆիկատ (№ 44 100 115932): Ինտելեկտուալ բարձր պոտենցիալը և անսահման աշխատասիրությունը հնարավորություն են տալիս Ս. Սարգսյանին իր կոլեկտիվի հետ նվաճելու նորանոր բարձունքներ: